Ֆրանսիայում ձերբակալել են Ստրասբուրգում հրաձգություն իրականացրած ահաբեկչի եղբորը
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստրասբուրգում հրաձգություն իրականացրած ահաբեկիչ Շերիֆ Չեկատի ավագ եղբորը: Այս մասին հաղորդում է DNA պորտալի:
Պորտալի տեղեկություններով՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է ուրբաթ՝ մարտի 1-ին, Ստրասբուրգի իր տան մոտ «մարդկանց նկատմամբ հանցագործություն կատարելու սպառնալիքի համար»: Ավելի վաղ տղամարդն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր հրապարակել, որից կարելի էր եզրակացնել, որ ուրբաթ երեկոյան նա պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել: Բացի այդ, նա հրապարակել էր նաև լուսանկար, որում պատկերված էին զենքի հինգ տեսակ և զրահաբաճկոն:
Ոստիկանությունն անմիջապես ստուգումներ է անցկացրել բոլոր հնարավոր վայրերում, որտեղ կարող է ահաբեկչության իրականացվել, սակայն արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ Չեկատը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 14-ը: Ավելի ուշ ահաբեկիչը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










