Գործ ունենք ամենաթողության և անպատժելիության պայմաններում լկտիացած մի խմբի հետ. Լարիսա Ալավերդյանը` Նարեկ Մալյանի միջադեպի մասին

22:49 • 04.03.19

Արդեն ամիսներ շարունակ կա այդպիսի մի խավ, որը ապրիլ-մայիսի դեպքերն ընդունել է՝ որպես ամենաթողության և լկտիության դրսևորման համար կանաչ լույս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը`անդրադառնալով հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպին:

«Տվյալ դեպքում մենք գործ ունենք ամենաթողության և անպատժելիության պայմաններում լկտիացած մի խմբի հետ, որը ոչ միայն ներողություն չի խնդրում արածի համար, այլև դեռ ստանում է որոշներից խրախուսող արձագանքներ»,-ասաց նա և նշեց, որ լկտի դրսևորումները չեն կարող տեղ գտնել Հայաստանում:

Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` տվյալ մարդիկ լավ չեն հասկանում մեր հասարակությանը և թվացյալ հնարավորությունները, որոնք ստացել են այն մարդիկ, ովքեր անկեղծորեն միացել են ապրիլ-մայիսյան դեպքերին: «Ամենապղտոր, ամենաանգրագետ, անօրինական խավի ներկայացուցիչներն ուզում են քաղել այդ փոփոխությունների պտուղները: Ինչպես ասում են, դա չի անցնի: Շատ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է ամենաթողությունը և թեկուզ ժամանակավոր անպատժելիությունը ընդունել որպես կանաչ լույս այդպիսի հակահասարակական, ապազգային, հակապետական արարքներում: Այդ խավը պետք է հասկանա, որ հայտնվելու է լուսանցքներում»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ցանկացած դեպք պետք է գտնի գնահատական ամենատարբեր հարթություններում և ոչ միայն իրավական դաշտում, որտեղ գործընթացը սկսված է: «Նախևառաջ այս միջադեպը պետք է ստանա քաղաքական արձագանք, այսինքն՝ քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական, պետք է հստակ ձևակերպեն և արտահայտեն իրենց վերաբերմունքը: 

Այդ խուժանական խումբը. Կարծեք. ջատագովն է իշխող քաղաքական ուժի, բայց համոզված եմ, որ այդ ուժի մեջ կգտնվեն նրանք, ովքեր հստակ կձևավորեն իրենց վերաբերմունքը: Որքան էլ տարօրինակ է, բայց հասարակության մեջ շատ արագ այդ ջատագովների դրսևորումները կվերագրվեն իշխող քաղաքական ուժին, և սա է պատճառը, որ այդ քաղաքական ուժը պետք է անպայման արձագանքի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հասարակական գնահատականին, ապա նա նկատեց, որ սոցցանցերում դա հակասական է: Ըստ Լարիսա Ալավերդյանի` այդպիսի դրսևորումներն սպասարկում են այլազգի շահերը, և պարտադիր չէ, որ դա լինի միամտորեն և պատահական:

«Այդպիսի խմբերը ուղակի ցույց են տալիս իրենց թշվառ վիճակը, և պետք է հասարակությունը հստակ ուղերձներ ուղարկի, որ չի անցնելու դա, և այդ թշվառ վիճակում գտնվող անձիք վաղուց տանուլ տված են»,-ասաց նա: