Թուրքիայում հայր ու աղջիկ իրար դեմ բողոք են ներկայացրել Էրդողանին վիրավորելու համար

22:07 • 04.03.19

Անկարայում հայր ու աղջիկ փոխադարձ բողոք են ներկայացրել իրար դեմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, այս մասին գրում է «Էվրենսել» պարբերականը:

Նշվում է, որ այս տարվա հունվարի 14-ին Մ. Ջ. անունով քաղաքացին բողոքել է դատախազությանը իր հարազատ դստեր՝ Ա.Թ.Ջ.-ի դեմ՝ պնդելով, որ վերջինս իր հետ էլեկտրոնային փոստով նամակագրության միջոցով խոսելիս վիրավորական արտահայտություններ է օգտագործել Էրդողանի դեմ:

Աղջիկն իր հերթին հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ իր հայրն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության մոլի քննադատ ու հակառակորդն է և իրենց էլ փորձել է նույն ձևով դաստիարակել:

Ա.Թ.Ջ.-ն նաև նշել է, որ տեքստում տեղ գտած վիրավորական արտահայտություններն ուղղված են եղել ոչ թե երկրի ղեկավարին, այլ հենց իր հորը՝ ի պատասխան նրա պահվածքի, որը բարկացրել է դստերը:

Ավելի ուշ Ա.Թ.Ջ.-ն ինքն է բողոք ներկայացրել հոր դեմ՝ հայտարարելով, որ նա սոցցանցերում ընկերների հետ շփումների ընթացքում պարբերաբար վիրավորում է նախագահ Էրդողանին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: