Գուաիդոն Վենեսուելա է վերադարձել

22:35 • 04.03.19

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն վերադարձել է Կարակաս: Այս մասին տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից:

«Արդեն մեր սիրելի հողում ենք: Հենց նոր անցանք ներգաղթի հսկողության կետով և շարժվում ենք դեպի մեր քաղաք»,- գրել է ընդդիմադիր առաջնորդը:

Ինչպես հաղորդում է TVV հեռուստաալիքը, Գուաիդոն առանց խոչընդոտների լքել է օդանավակայանը և գնացել իր կողմնակիցների հետ հանդիպման:

Հաղորդվում է, որ Վենեսուելայի իշխանություններն ապարդյուն փորձել են ձերբակալել քաղաքական գործչին, սակայն օդանավակայանում նրան սպասելիս են եղել մոտ հարյուր դաշնակիցներ, ինչպես նաև մի քանի եվրոպական երկրների դեսպաններ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան հայտարարել էր, որ ընդդիմադիր առաջնորդի վերադարձից հետո նրա ճակատագիրը կորոշի երկրի Գերագույն դատարանը:

Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել էր Գուաիդոյին լքել երկիրը: Չնայած դրան փետրվարի 22-ին Գուաիդոն հատել էր Կոլումբիայի հետ սահմանը: Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կարլոս Վալդեսը հայտարարել էր, որ Գուաիդոյին օրենքը խախտելու համար մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: