Դա խուլիգանություն է, անձի արժանապատվության նկատմամբ ոտնձգություն. Արա Ղազարյանը՝ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասին
Փաստաբան Արա Ղազարյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը զայրացնող համարեց: «Դա խուլիգանություն է, նաև անձնական կյանքի միջամտություն, քանի որ նկարել են: Դա անձի արժանապատվության նկատմամբ ոտնձգություն է, մարդու իրավունքները սկսվում են արժանապատվության նկատմամբ հարգանքից: Դա դաստիարակության պակաս է և որոշակի ժամանակահատվածում մարդու իրավունքների նահանջի արդյունք է, հիմա պետք է ամեն ինչ բերել նորից իր տեղը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Ըստ Արա Ղազարյանի՝ այս դեպքի պատժումը կանխարգելիչ նշանակություն կունենա: «Պետք է պատժվի, որ կանխարգելիչ նշանակություն ունենա, քանի որ իշխանափոխության դեպքերից հետո շատերը ոգեշնչվելով կարծում են, որ այնքանով, որքանով դա կարող է իշխանություններին դուր գալ, իրենք կարող են ամեն ինչ անել»,- ասաց նա և դրական համարեց, որ արդեն քրեական գործ է հարուցվել:
«Եթե քրեական գործի վարույթն արդյունավետ կերպով չիրականացվի, ապա դա կարող է պարարտ հող հանդիսանալ հետագայում նման գործողությունների համար»,- ասաց նա:
Արա Ղազարյանը նշեց, որ չի կարելի դիտել, թե Ուկրաինայում ինչպես են պատգամավորներին աղբարկղը նետում, ոգեշնչվել և փորձել նույնը Հայաստանում անել, քանի որ դա քրեորեն հետապնդելի արարք է, հանցագործություն է:
«Երիտասարդները խոսում են արժանապատվությունից, բայց հենց նրանք են այդ արժանապատվությունը ոտնահարում: Դա, իհարկե, զայրացնող երևույթ էր, բռնություն էր, և դա մեծամասամբ արվեց անթաքույց արհամարհանքով հանրային, հասարակական կարծիքի նկատմամբ, ինչը խուլիգանություն է: Երիտասարդները միգուցե այլ հարթության վրա են, իրենց թվում է, որ եթե իրենք ակտիվիստներ են, իրենց թույլատրվում է ամեն ինչ, ցավում եմ նրանց համար»,- ասաց նա:
Փաստաբանը նաև ոչ նորմալ երևույթ համարեց երիտասարդների կողմից ռեկտորի վրա դուռը փակելը և թույլ չտալը, որ տեղաշարժվի: «Դու դատավոր չես, որ արգելես մարդու տեղաշարժի իրավունքը, ընդհանուր առմամբ դա շատ գռեհիկ է»,- ասաց նա:










