Չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն, ում ճակատագիրն այլևս կախված է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից. Ա. Բաբաջանյանը` Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի մասին
Հայաստանն ապրում է բավականին բուռն ժամանակաշրջանում, որը հագեցած է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարուստ օրակարգերով. այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ելույթի ընթացքում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Այդ կարևոր օրակարգերը ժամանակ առ ժամանակ երկրորդ պլան են մղվում կեղծ տեղեկատվական առիթներով, որոնք կլանում, մսխում են հանրային քաղաքական էներգիայի մեծ մասը: Այդպիսի կեղծ օրակարգ է Հայաստանի և Արցախի ժողովուրդների տարանջատումը, հայաստանցի, ղարաբաղցի կեղծ հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը»,- ասաց նա:
Բաբաջանյանի խոսքով` նման փորձերն ուղղակի սադրանք են Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, դրանք սադրանք են ընդդեմ հաղթանակների և ձեռքբերումների հիմք դարձած մեր միասնականության:
«Ցավով պետք է արձանագրել, որ նման սադրիչ հայտարարությունները ունակ են ալեկոծելու մեր հանրային քաղաքական դիսկուրսը՝ մեր ուշադրությունն իրական խնդիրներից շեղելով կեղծ արհեստական օրակարգերի վրա: Նման սադրանքները պարունակում են այլ ավելի մեծ վտանգներ: Դրանք հեշտորեն կարող են օգտագործվել այն գործիչների ու ուժերի կողմից, ովքեր քաղաքականության մեջ առաջնորդվում են պղտոր ջրում ձուկ որսալու մարտավարությամբ: Մենք տուրք տալով մեր ժողովուրդների միասնականությանն ուղղված այս սադրանքներին` ակամայից նպաստում ենք ռևանշիզմով առաջնորդվող այդ ուժերի ու գործիչների ծրագրերի իրականացմանն այն դեպքում, երբ մենք ունենք բազում հարցերով հագեցած, իրական աշխատանք պահանջող օրակարգեր»,- ասաց Բաբաջանյանը:
Նա նշեց, որ անցած օրերի և շաբաթների ընթացքում տեղի ունեցան մի քանի արտաքին քաղաքական իրադարձություններ, որոնք առնվազն մտահոգվելու տեղիք են տալիս: «Սումգայիթյան ոճիրի օրն ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց մեր քաղաքացուն` Կարեն Ղազարյանին, մենք չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն, ում ճակատագիրն այլևս կախված է նրանից, թե ինչ կկարողանան անել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Մենք չկարողացանք պաշտպանել նաև Ռուսաստանում ազատազրկված Ադրբեջանի թալիշական ազգային շարժման ղեկավար Ֆահրադին Աբասովի, որը ինչպես հայտնի է, տարբեր խողովակներով քաղաքական ապաստան էր խնդրում մեր երկրից: Եթե առաջին դեպքում մենք թերացել ենք մեր քաղաքացու կյանքի ու անվտանգության իրավունքի պաշտպանության հարցում, ապա Աբասովի պարագայում մենք բաց ենք թողել զգալի քաղաքական դիվիդենտներ շահելու մեր հնարավորությունը»,- շեշտեց պատգամավորը:
Բաբաջանյանն իր ելույթն ավարտեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորելով: Նա նշեց, որ օրվա ամենամեծ խորհուրդն այն է, որ բոլորն իրենց աշխատանքով, ջանքով կարողանան կառուցել այնպիսի Հայաստան, որը երազում էր Վազգեն Սարգսյանը:
Ամալյա Առաքելյան










