Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որն առաջինն է Անգլիայում
Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում, մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական և մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:
Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորել է Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծել է, որ խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արման Կիրակոսյանը երախտագիտությամբ է հիշատակել Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Առաջին հանրապետությանը:
Ըստ դեսպան Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ բացեց ապագա բռնապետերի և մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները:
«Այս առումով «Այլևս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին և մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունը կայանում էնրանում, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանցհամընդհանուր կոտորածները»,- նշել է դեսպանը: Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:
Միջոցառման մասնակիցները նաև հարգանքի տուրք են մատուցել Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին:










