Իսպանիայի կենդանաբանական այգում 43 տարի մենության մեջ ապրելուց հետո սատկել է աշխարհի «ամենատխուր» փիղը
Իսպանիայի Կորդովա քաղաքի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի «ամենատխուր» փիղը, որն ավելի քան 4 տասնամյակ ապրել է իր վանդակում՝ մենության մեջ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ֆլավիա անունով փիղը 47 տարեկան էր: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ մի քանի անգամ փորձել են Ֆլավիային այլ վայր տեղափոխել, որտեղ նա կբնակվեր այլ փղերի ընկերակցությամբ, սակայն ծրագիրն իրագործելու համար արդեն ուշ է եղել. փղի առողջությունը վերջին ամիսներին վատթարացել է: Ենթադրվում է, որ նրա մոտ ընկճախտ է եղել:
Փղերը շատ ընկերասեր կենդանիներ են և վայրի բնության մեջ բնակվում են ընտանիքներով կամ խմբերով: 2009թ.-ին արված ուսումնասիրության համաձայն՝ այլ փղերի հետ շփումն այդ կենդանատեսակի՝ անազատության մեջ գտնվող ներկայացուցիչների կյանքը հետաքրքիր դարձնելու ամենակարևոր միջոցն է:










