Հնդկաստանում փիղը «վրեժ է լուծել» իրեն հարվածած վերակացուից (տեսանյութ)
Հնդկաստանում փիղը խեղդամահ է արել վերակացուին, որը փորձել է լողացնել իրեն:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Կոտայամ շրջանում: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խողովակով ջուր լցնում հսկա կենդանու վրա և հարվածում նրան փայտով, որպեսզի փիղը մեջքով պտտվի դեպի իրեն:
Հարվածներից մեկն այնքան ուժեղ է եղել, որ վերակացուն կորցրել է հավասարակշռությունը, սայթաքել և ընկել է: Այդ պահին կենդանին նստել է նրա վրա:
Կարճ ժամանակ անց օգնության է շտապել մեկ այլ վերակացու և ստիպել է փղին ոտքի կանգնել: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:










