82 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը

17:53 • 05.03.19

Մարտի 4-ին 82 տարեկանում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար և Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Կլաուս Կինկելը: Այս մասին հայտնել է կուսակցության ներկայիս ղեկավար Քրիստիան Լինդները:

«Նա ազնիվ և համեստ մարդ էր, որի բարեկամական խորհուրդը ես շատ էի գնահատում: Ես նրան շատ բաների համար եմ երախտապարտ»,- գրել է Լինդները թվիթերյան իր էջում:

Կինկելի ցանկության համաձայն՝ նրա հուղարկավորությունը տեղի կունենա մտերիմների ու ազգականների շրջանակում: 

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը նույնպես իր ցավակցությունն է հայտնել նախկին պաշտոնյայի ընտանիքին՝ ընդգծելով, որ նա մեծ ավանդ է ունեցել այն գործում, որ միավորված Գերմանիան գտնի իր տեղն աշխարհում և ապրի հարևանների հետ խաղաղության ու հարգանքի մթնոլորտում:

Կինկելը ԳԴՀ արտգործնախարար է դարձել 1992թ.-ին և այդ պաշտոնը զբաղեցրել 6 տարի: 1993-1998 թվականներին Հելմուտ Կոլի կառավարության օրոք եղել է Գերմանիայի փոխկանցլերը: