Իրականացվում է Ամանորի գիշերը զոհված զինծառայողի ընտանիքին հուղարկավորության համար նախատեսված գումարների փոխանցման գործընթացը

20:48 • 05.03.19

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից զոհված զինծառայող Էդգար Գրիգորյանի ընտանիքին ՊՆ-ն հուղարկավորության ծախսերը չէր փոխանցել:

Այդ առնչությամբ Tert.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, հարցադրումով, թե ինչո՞ւ զինծառայողի ընտանիքին հուղարկավորության ծախսերի համար գումար չի տրամադրվել այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքները չկան և արդյոք ՊՆ-ն արդեն առանց փորձաքննության, առանց գոնե նախաքննության ավարտի առաջնորդվե՞լ է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման 4-րդ կետով՝ դրամական աջակցություն ստանալու իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի զոհվելը (մահանալը) կամ աշխատունակության կորուստը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

ՊՆ-ից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դեպքի վայրում զինծառայողի գտնվելու իրավաչափությունը հավաստող հրամանի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել և պատասխան ստացվել, իսկ զինծառայողի ընտանիքի անդամները փետրվարի 20-ին դիմել են:

ՊՆ-ից, մասնավորապես, հայտնել են. «Նախկին զինծառայող էդգար էդուարդի Գրիգորյանի ընտանիքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շահառու հաշվառելու հարցը ճշտելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N° 916-Ն որոշմամբ նախատեսված դրամական աջակցություն հաշվարկելու նպատակով՝ տեղի ունեցած դեպքի հանգամանքի և դեպքի վայրում զինծա­ռայողի գտնվելու իրավաչափությունն հավաստող հրամանի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել համապատասխան զորամասի հրամանատարին և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, զորամասից ստացվել է պատասխան:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2018 թվականի օգոս­տոսի 9-ի ԻՒ 916-Ն որոշմամբ հաստատված՝ զոհված (մահացած) զինծառայող Է.Գրիգորյանի ընտանիքի անդամների կողմից լրացված դիմումները ստացվել և մուտքագրվել են ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում ս.թ. փետրվարի 20-ին, որի հիման վրա իրականացվում է զինծառայողի ընտանիքին ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ նախատեսված հուղարկավորության, գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման գումարների փոխանցման գործընթացը»: