Գերմանիայում ՔԴՄ ղեկավարի՝ «չեզոք սեռի» ներկայացուցիչների մասին կատակը սուր քննադատությունների է արժանացել

13:30 • 05.03.19

Գերմանիայում իշխող կոալիցիայի առաջատար ուժի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը «չեզոք սեռի» ներկայացուցիչների համար նախատեսված զուգարանների վերաբերյալ արած կատակի պատճառով քննադատությունների թիրախում է հայտնվել, գրում է Politico հարթակը:

Քաղաքական գործիչը հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել կառնավալային շոուի ժամանակ: Տոնական հագուստով Կրամպ-Կարենբաուերը խոսել է մտացածին Latte Macchiato խմբակցության մասին, որը Բեռլինում տրանսգենդերների համար նախատեսված զուգարաններ է կառուցել:

«Դրանք այն տղամարդկանց համար են, որոնք չեն կողմնորոշվում՝ նստած միզել, թե կանգնած»,- ասել է միության ղեկավարը:

Նման հայտարարությունը սուր քննադատությունների է արժանացել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և մի շարք հասարակական ու քաղաքական գործիչների կողմից:

Բեռլինի փոխքաղաքապետ Կլաուս Լեդերերը շոուի այդ հատվածը «ողբերգություն» է անվանել: Ձախակողմյան կուսակցության ղեկավար Դիտմար Բարչն իր հերթին ասել է, որ միջադեպը «ևս մի պատճառ է պայքարելու, որպեսզի այդ կինը կանցլեր չդառնա»: