«Գուցե նրանց դուր է գալիս մեր հումո՞րը». Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումենը մեկնաբանել է իր գրասենյակի կտուրին գաղտնալսող սարքի առկայությունը

14:25 • 05.03.19

Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է իր գրասենյակի կտուրին գաղտնալսող սարքի տեղադրումը: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հումորիստը այստեղ էլ փորձել է կատակով պատասխանել իշխանություններին և նշել, որ գուցե երկրի անվտանգության ծառայությանը դուր է գալիս նրանց հումորը:

«Եթե անվտանգության ծառայությունը կամ դրա աշխատակիցները, ինչևէ, ցույց կտա, թե ովքեր էին նրանք, լսում են մեզ ու գրում մեր մասին, գուցե նրանց ուղղակի դուր է գալիս մեր հումո՞րը», - ասել է Զելենսկին հեռուստաալիքներից մեկի եթերում:

Նա նաև նշել է, որ «տխուր է», որ նման գործերով Ուկրաինայում զբաղվում են հատուկ ծառայությունները, որոնց պարտքն իրականում ուկրաինացիներին պաշտպանելն է:

Նշենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան մարտի 31-ին:

Ավելի վաղ Ուկրաինայում Յարյոմենկոյի անվան սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի և «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների 27,3 տոկոսը պատրաստ է ձայն տալ Զելենսկիին: Այսպիսով՝ ուկրաինացի շոումենը նախընտրական մրցապայքարում առաջ է անցել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից և նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյից: