Երևանում հոկտեմբերին կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին (տեսանյութ)
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Նշվում է նաև, որ բանավոր համաձայնություններ կան Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարների հետ: Քննարկվելու են ՏՏ ոլորտի ուղղվածությունները: Համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակության ու կազմակերպության համար առանձին փաթեթներ են պատրաստված լինելու:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»: Կլինեն Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարություններ: Երևանում կկառուցվի նաև «Ինժեներական քաղաք», որը պատրաստ կլինի 2020թ. փետրվարին:
Համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում դեռ 2015թ-ին:
Համաժողովն անցկացվում է 1978 թվականից երկու տարին մեկ անգամ:










