Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը Volkswagen-ով վթարային իրավիճակ է ստեղծել Lexus-ի համար, որը բախվել է երկաթե արգելապատնեշներին և 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում. shamshyan.com
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Lexus X470 մակնիշի 55 GX 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի մեղավոը եղել է Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վիրապ Առաքելյանը, ով իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 VZ 073 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Լևոն Ղարիբյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Volkswagen-ի վարորդը փախուստի չի դիմել, կանգնել է, ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև 1-03 շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ու օպերատիվ ծառայություն, որի ժամանումից հետո Վ. Առաքելյանը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերություն:
Եթե Lexus-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և գրագետ ձևի չղեկավարեր ավտոմեքենան, ապա վթարն այլ ավարտ կունենար, չէր բացառվի, որ այն կավարտվեր ողբերգությամբ։










