Գետն ընկած ավտոմեքենան ուղղած և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերած դպրոցականներին ընդունել և պարգևատրել է Լոռու մարզպետը

11:09 • 07.03.19

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել ու պարգևատրել էավտովթարի ականատես դարձած 3 դպրոցականներին՝ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով:

Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլև մինչ փրկարարների ժամանելը, ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են հանդիսանում: Էդիկի, Էդմոնի և Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար:

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը: 

Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման:  Ա. Ղուկասյանը տղաներին պարգևատրեց շնորհակալագրերով և նվերներով»: