Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Ն. Մալյանը՝ իր նկատմամբ վրաերթի փորձի մասին

20:55 • 07.03.19

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ իր հետ կատարված միջադեպին. ըստ նրա՝ իրեն փորձել են վրաերթի  ենթարկել։ Մինչ բուն թեմային անցնել Մալյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին՝ նկատելով, որ փողոցում անծանոթ մարդիկ իրեն մոտենում և աջակցություն են հայտնում։

«Ինձ պետք չէ աջակցել, պետք է ինքներդ ձեզ աջակցեք, ամեն մեկդ ձեր տեղում ձեր անհամաձայնությունը հայտնեք, եթե ունեք, քանի որ, անկեղծ ասած, չեմ պատրաստվում այդ խնդիրներն ամբողջությամբ ինձ վրա վերցնել, դա իմ նպատակը չէ։ Ես ունեմ նպատակ՝ ապրիլի  կեսերին հրապարակել իմ 3-րդ գիրքը, իսկ այս իրադարձություններն ինչ-որ չափով ինձ խանգարում են»,- ասաց նա։

Մալյանը, անդրադառնալով իր հետ կատարվածին, պատմեց, որ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդն իրեն փորձել է վրաերթի ենթարկել այն ժամանակ, երբ ինքը կատարում էր քննիչ Էդուարդ Հովհաննիսյանի պահանջը։

«Նախորդ դեպքի հետ կապված՝ խուլիգանության, հարձակման ու առևանգման, քննչական գործողություններ էին իրականացվում, որի ժամանակ ներկա էինք ես և քննիչը, որը համազգեստով էր, ինչպես նաև ոստիկանության 3-4 աշխատակից, ընթերակաները և իմ փաստաբանը, տեղզննության վերջին շտրիխի ժամանակ քննիչը խնդրեց կանգնեմ, որ լուսանկարի ու կցի գործին։ Այդ պահին մի շատ «հաբրգած» Toyota Camry քշեց վրես, մի կողմ քաշվեցի՝ ինձ թվաց մարդ է, երևի անուշադիր վարորդ է։ Չգիտեմ՝ ինչից նեղվեց, որ չկարողացավ ինձ ավտոյի տակ գցել, կանգնեց, երկար սիգնալ տվեց ու ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես»,- պատմեց Մալյանը։

Վերջինս Toyota Camry-ի վարորդի հայհոյանքներին պատասխանել է հայհոյանքներով, ինչպես նաև ոտքով հարվածել մեքենային, որից հետո Toyota Camry-ի վարորդն է որոշել դեպքի առիթով դիմել ոստիկանություն։

Նարեկ Մալյանը կարծում է, որ սա կա՛մ անձամբ իր դեմ գործողություն էր, կա՛մ էլ իշխանությունները չեն տիրապետում երկրի իրավիճակին։

«Կա 2 տարբերակ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, և իրավիճակը դուրս է գալիս իր վերահսկողությունից, մարդիկ էլ ինքնագլուխ որոշում են նման բաներ անել, ինչին այդքան էլ չեմ հավատում, կա՛մ այս ամեն ինչը կատարվում է հենց վարչապետի անմիջական ուղղորդմամբ ու հանձնարարությամբ։ Սա նաև իր հերթին վկայում է, որ բոլոր փաստարկներն իշխանություն պահելու այլևս ավարտված են»,- շեշտեց Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նարել Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրեն փորձել են վրաերթի ենթարկել՝ դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով: