Կանայք այսօր ավելի համարձակ են, ինչն էլ օգնում է հասնել հաջողության․ քննարկում «Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով
Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն այն թեմաներից է, որի շուրջ Ֆրանսիան ցանկություն և պատրաստակամություն ունի աշխատելու Հայաստանի հետ։ Մենք այստեղ չենք եկել դասեր տալու համար, մենք այստեղ եկել ենք մեր փորձը ներկայացնելու ձեզ։ Ֆրանսիայում ևս կանանց և տղամարդկանց միջև հավասարություն քարոզելը շատ ակտուալ ու կարևոր հարց է։
«Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով կոնֆերանս-քննարկման բացման խոսքում շեշտեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը։
Tert.am-ի հետ զրույցում դեսպանն ասաց, որ այս թեմայով կոնֆերանս-քննարկում կազմակերպելու նպատակն է օգնել հայ կանանց իրենց պոտենցիալն օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար․
«Հայաստանը փոփոխությունների նոր փուլ է մտել, և շատ կարևոր է, որ այդ փոփոխությունների ընթացքում հայ կինը կարողանա իր ճիշտ դերը գտնել»։ Դեսպանը նաև ավելացրեց, որ կոնֆերանսը նպատակ ունի նաև ավագ դպրոցում սովորող աղջիկներին օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում՝ նրանց ուղղորդելով հատկապես ձեռնարկատիրական և նորագույն տեխնոլոգիական ոլորտ․ «Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ աղջիկները որոշ մասնագիտություններ ընտրելու համարձակություն չեն ունենում։ Որոշ մասնագիտություններ սխալմամբ ասոցացվում են որևէ սեռի հետ։ Հայաստանի հիմնական ռեսուրսն իր երիտասարդությունն է ու Հայաստանն իր զարգացման ճանապարհին կարիքը ունի հայ երիտասարդների, հատկապես՝ աղջիկների»։
«Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով կոնֆերանս-քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանում հաջողությունների հասած մի քանի կին գործարարներ։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ հատկապես հիմա Հայաստանում կա կին ձեռներեցների համար հաջողության հասնելու պարարտ հող։ Նրա խոսքով՝ միջազգային կառույցները օժանդակում են կանանց այս հարցում․
«Կանայք վախենում են, որ չեն կարողանա մրցակցել տղամարդկանց հետ, պետք է կոտրել այս վախը՝ մղելով նրանց փորձել ուժերը։ Մենք՝ հաջողակներս, պետք է մշտապես նրանց կողքին լինենք, որ մեր օրինակով կարողանանք մոտիվացնել, որ դուք կարող եք։ Այսօր ամբողջ աշխարհում սեռը, դիրքը, գտնվելու վայրը կապ չունի ձեռներեցության մեջ հաջողության հասնելու համար»։
Ամալյա Եղոյանը համաձայն է՝ տղամարդիկ կին ձեռներեցներին թերահավատորեն են մոտենում, սակայն այս հարցում հաջողության հասնելու համար և կին ձեռներեցների վերաբերյալ ձևավորված կարծրատիպը կոտրելու համար պետք է բանեցնել ճիշտ հաղորդակցման հմտություն․
«Երբ սկզբում զանգահարում էի տղամարդ պաշտոնյաների, ասում էի՝ հանդիպենք, ներկայացնեմ մեր կազմակերպությունը։ Հետո հասկացա գաղտնիքն ու արդեն երբ զանգ էի տալիս, ասում էի՝ հանդիպենք, ես ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Այնպես որ, գաղտնիքը ճիշտ հաղորդակցման ձևը գտնելու մեջ է»։
«Girls in Tech» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանն էլ այն կարծիքին է, որ կանայք այսօր ավելի համարձակ են որոշումների կայացման գործում, ինչն էլ օգնում է հասնել հաջողության։
«Կատալայ» ընկերության համահիմնադիր Մարիամ Թորոսյանն էլ շեշտում՝ կանայք ցանկանում են մուտք գործել նորարարությունների ոլորտ, քանի որ ցանկանում են ստեղծել արժեք, որը կկարողանա ծառայել գլոբալ որևէ խնդրի լուծմանը․ «Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ երազկոտ են ու տեսնում են աշխարհն իր մեծությամբ ու գեղեցկությամբ, նաև այն խնդիրներով, որոնք առկա են, ուզեն, թե չուզեն, իրենց գրավելու է նորարությունների ոլորտը»։
Քրիստինա Բոյաջյան










