Ավտոբուսներում տեսախցիկների տեղադրումից վարորդները ֆինանսական կորուստ չեն ունենա. փոխքաղաքապետ
Պատասխանատվություն ստանձնելով հանդերձ` քաղաքապետարանը հասկանում է, որ պետք է կատարվեն փոփոխություններ, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք փոփոխություններն սկսել մեզանից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը` անդրադառնալով «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդների գործադուլին:
««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, որի բաժնետերը 100%-ով Երևանի քաղաքապետարանն է, սպասարկում է թվով 20 երթուղի: Այսինքն` «Երևան ավտոբուսը» մի գծատեր է, և այդ փոփոխությունները մենք նախատեսում ենք սկսել հենց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից»,- ասաց նա:
Որպես այդ փոփոխությունների առաջնային քայլեր՝ փոխքաղաքապետը նշեց, որ երկու ավտոբուսում ներդրել են տեսախցիկներ, որը հնարավորություն կտա հետևել վարորդի վարքագծին և միևնույն ժամանակ ապահովել ուղևորների անվտանգությունը:
Սարգսյանը հավաստիացրեց` տեղեկությունները, թե այդ տեսախցիկները ձայնագրում էլ են, ապատեղեկատվություն են: Միևնույն ժամանակ փոխքաղաքապետն ասաց, որ նախատեսում են մնացած ավտոբուսներում էլ տեղադրել այդ տեսախցիկներից:
«Արդեն 5 օրից ավել տեղադրված են այդ տեսախցիկները, այդ երկու ավտոբուսի վարորդները տեղյակ են եղել սարքերի տեղադրումից: Ես կարծում եմ, որ մենք պետք է փոփոխություններ անենք, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատի շահույթով: Մենք «ջայլամի քաղաքականություն» չենք վարում և նշում ենք, որ այո, Երևան քաղաքում տրանսպորտային համակարգը լավ չի աշխատում, և այդ աշխատանքն արդյունավետ կատարելու համար տանում ենք աշխատանքներ: Եթե ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս կանոնակարգումները, խնդիր չկա, եթե համաձայն չեն այդ պայմաններին, կարող են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, բայց այն, որ պետք է ամեն ինչ կանոնակարգվի, դա փաստ է»,- շեշտեց նա:
Tert.am-ի դիտարկմանը`վարորդներն ասում են` գումարները վերահսկելու համար են տեղադրվում տեսախցիկները, ստվեր եղել է ու լինելու է, այլապես իրենց համար ձեռնտու չի լինի աշխատելը, և հարցին, թե այս կանոնակարգումների արդյունքում վարորդները ֆինանսական կորուստներ կունենա՞ն, աշխատավարձերի բարձրացում լինելո՞ւ է, փոխքաղաքապետն արձագանքեց, որ նրանց ստացած ֆինանսական միջոցները չեն նվազելու:
«Ինձ համար մի քիչ անհասկանալի է ստվերը: Հայաստանում կատարվեց հեղափոխություն, այդ հեղափոխությունը պետք է նաև մարդկանց մեջ լինի, և մարդիկ սկսեն հեղափոխական լինել իրենց մեջ: Սրանք գործնական քայլեր են: Եկել է ժամանակը, որ քարը քարի վրա դնենք ու մի բան ունենանք արդյունքում: Իրենց բազմիցս ասել ենք` հարգելինե՛րս, մենք հասկանում ենք՝ ոնց է, ինչ է, դուք գումարային կորուստ չեք ունենալու, մենք ամեն ինչ հասկանում ենք, մենք էլ ենք Երևանում ապրում, իրականությունից կտրված չենք»,- ասաց նա:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն էլ վստահեցրեց, որ փոքրիկ թյուրըմբռնում է եղել, որը հարթվել է: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք առաջիկայում նման խնդիր չենք ունենա: Ինչ վերաբերում է վարորդների՝ գիծ դուրս գալուն, վստահեցնում եմ, որ երթուղիներն աշխատելու են անխափան»,- ասաց նա:
Ամալյա Առաքելյան










