Ալժիրի նախագահի նախընտրական շտաբի ղեկավարը պատմել է 82-ամյա Բուտեֆլիկայի առողջական վիճակի մասին
Ալժիրի նախագահի նախընտրական շտաբի ղեկավար Աբդելգանի Զաալյանը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր Աբդելազիզ Բուտեֆլիկայի առողջական վիճակը վատթարացել է: Այդ մասին նա ասել է El Khabar պարբերականին, հաղորդում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Զաալյանը նշել է, որ Ալժիրի 82-ամյա նախագահի առողջական վիճակը կայուն է և «մտահոգություն չի առաջացնում»:
«Նախագահ Բուտեֆլիկան մեկնել է Ժնև հերթական բժշկական հետազոտության համար, ինչը նա արդեն ավարտում է: Ես հաստատում եմ Ձեր և Ալժիրի բոլոր քաղաքացիների համար, որ նրա առողջական վիճակը անհանգստացնող չէ, կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,- ընդգծել է Զաալյանը:
Ավելի վաղ, լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, որը կրկին առաջադրվել է նախագահի պաշտոնում, ծանր վիճակում տեղափոխվել է Ժնևի հիվանդանոցում:
Ալժիրում մոտ մեկ ամիս բողոքի ակցիաներ են ընթանում 82-ամյա նախագահի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ:










