Իրաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով 6 զինծառայող է զոհվել

05:26 • 07.03.19

Իրաքի հյուսիսում գտնվող Մահմուր քաղաքի մոտակայքում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է իրաքյան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ստորաբաժանման 6 զինծառայող, ևս 31-ը վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Իրաքի անվտանգության ծառայությանը:  

Աղբյուրի փոխանցմամբ` բոլոր վիրավորները տեղափոխվել են Ալ-Քայարի հիվանդանոց:

Նշվում է, որ փետրվարի 25-ին Իրաքի անվտանգության ուժերը հայտարարել էին  Սիրիայի սահմանին հարող 450 կիլոմետր տարածքում զինյալների ոչնչացմանն ուղղված լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին:

Փետրվարի 19-ին Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Հասան Ալ-Կաաբին կոչ էր արել երկրի անվտանգության ուժերին հրատապ միջոցներ ձեռնարկել ԻՊ-ի դեմ պայքարելու համար` երկրի հյուսիս-արևմուտքում նրանց կողմից խաղաղ բնակիչներին առևանգելու ֆոնին: Պաշտոնյան նշել էր, որ զինյալներին ոչնչացնելու հարցում կարևոր դեր կարող են ունենալ Սիրիայի արևմտյան շրջանների բնակիչները, որոնք կարող են տեղեկություն հաղորդել ահաբեկիչների գտնվելու վայրի մասին: