Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Տիմոշենկոյին թեկնածությունը հանելու համար 187 հազար դոլար են առաջարկել (լուսանկարներ)

12:57 • 07.03.19

Ուկրաինայի օրինապահ մարմինները երկու տղամարդու են ձերբակալել, որոնք փորձել են գումարի միջոցով ազդել երկրի նախագահի թեկնածու, Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Տիմոշենկոյի վրա՝ համոզելով նրան հրաժարվել ընտրապայքարին մասնակցությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի խոսքով՝ թեկնածուին առաջարկվել է 187 հազար դոլար:

Հիսունչորսամյա Յուրի Տիմոշենկոն մասնակցում է նախագահական ընտրություններին որպես ինքնաառաջադրված թեկնածու:

Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն պահանջել էր թեկնածուների ցանկից հեռացնել Յուրի Տիմոշենկոյին: Նա հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի շտաբը «կեղտոտ մանիպուլյացիա» է ծրագրել, որպեսզի իր անվան ու ազգանվան նման հնչողություն ունեցող անունով թեկնածուի միջոցով ձայներ խլի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին: Սոցհարցումների համաձայն՝ նախընտրական արշավը գլխավորում է հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին: