ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի` Մադուրոյի հետ կապ ունեցող ևս 77 քաղաքացիների վիզաները
ԱՄՆ-ի իշխանությունները Վենեսուելայի ևս 77 քաղաքացու վիզաները չեղարկելու որոշում են կայացրել, գրում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին հղումով:
Փենսը չի նշել պատժամիջոցների ցանկում հայտնված քաղաքացիների անունները, սակայն նշել է, որ նրանց թվում շատ են Մադուրոյի վարչակարգի պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները:
Ավելի վաղ ԱՄՆ-ն չեղարկել էր ևս 49 վենեսուելացու վիզաները: Այդ ժամանակ սահմանափակումները վերաբերել էին «Վենեսուելայում ժողովրդավարության սկզբունքների խախտման համար պատասխանատու» դեմքերին, որոնց անունները պաշտոնապես չէին հրապարակվել:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ 2015թ.-ին սահմանված ամերիկյան պատժամիջոցների երկարաձգման մասին:










