«ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է». Զախարովան պատասխանել է ԼՂ բանակցային գործընթացում նախապայմանների անհրաժեշտության և ձևաչափի փոփոխման մասին հարցին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին:
«Մոսկվա-Բաքու» գործակալության լրագրողը հիշեցրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունն առ այն, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց որևէ նախապայմանների: Նա մեջբերել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անցած տարվա այն հայտարարությունը, որ նախապայմաններ չպետք է լինեն, ինչպես նաև ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի այն տեսակետը, որ բանակցային գործընթացի ներկայիս ձևաչափը (հակամարտության 2 կողմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) չպետք է փոխվի:
«Ինչպիսի՞ն է այժմ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, արդյոք հարկավո՞ր են նախապայմաններ, թե՞ ոչ»,-հարցրել է լրագրողը՝ պատասխան ակնկալելով նաև բանակցային ձևաչափի հավանական փոփոխության վերաբերյալ:
Դրան ի պատատասխան Զախարովան ասել է, որ լրագրողի բավական ծավալուն հարցին կտա շատ հակիրճ պատասխան. «Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել»:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 57:20 րոպեից.










