Ողջունում ենք ՀՀ-ԵՄ համագործակցությանն ուղղված քայլերը, դրանք կապահովեն ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացումը. «Հանրապետություն» կուսակցություն

14:53 • 08.03.19

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդանուր, հավասար գին սահմանելու առումով։

ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասված է հաղորդագրության մեջ։