Հայ կանայք շատ ավելի վաղ և շատ ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել քաղաքականությունում, քան Եվրոպայում, իսկ այսօր նրանց դերը վերաիմաստավորելու խնդիր կա. Լիլիթ Մակունց
Կանանց իրավունքների միջազգային օրվա առիթով «Եվրոպացի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնության կողմից այսօր կազմակերպվել էր միջոցառում՝ «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով, որի ժամանակ հյուրընկալել էին ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ: Միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Լիլիթ Մակունցը, ովքեր խոսեցին Հայաստանում կանանց դժվարությունների, դրանց հաղթահարման հնարավորությունների մասին:
Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ երկար տարիներ կանայք զրկված են եղել հիմնական իրավունքներից, որոնք ունեցել են տղամարդիկ, որոշել են այսօր հավաքվել և ներկայացնել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով: «Առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացին, որոշեցինք հրավիրել նաև պատգամավորների՝ ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց այսօր կանայք մասնակցում են նաև որոշումների կայացնելու խնդրին»,-ասաց նա:
Քննարկմանը Անդրանիկ Շիրինյանը նկատեց, որ կանայք շատ ուշ են մասնակցել ընտրական պրոցեսներին, միայն 1900-ականներին: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը հակադարձեց, որ Եվրոպայի պատմությանը ծանոթ լինելով՝ կարող է ասել, որ ընտրական իրավունք կանայք Եվրոպայում ձեռք են բերել շատ ավելի ուշ՝ 1962թ-ին: «Այսինքն՝ այս առումով պետք է արձանագրենք, որ հայ կանայք շատ ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել քաղաքական գործընթացներում և նաև քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում, քան Եվրոպայում: Եթե ուսումնասիրենք պատմությունը՝ հայ կանայք եղել են բավական ակտիվ, խելացի , ներգրավված և կարծում եմ այս առումով հպարտանալու տեղ ունենք»,-ասաց նա:
Միաժամանակ Մակունցը նկատեց, որ այսօր ՀՀ-ում առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր կա: «Պահպանողական հասարակություններում կանանց համար բավական բարդ է պրոֆեսիոնալ տարբեր տիրույթներում իրականացնել իրենց ներուժը, և հատկապես, եթե դա վերաբերում է հանրային գործունեությանը՝ լինի լրագրություն, կամ քաղաքական գործունեություն, կամ այլ հրապարակային գործունեություն, կանանց համար բավական բարդ է: Այն, ինչ չի նկատվում տղամարդկանց պարագայում, կանանց դեպքում մի փոքր վրիպումը արժանանում է մեծ քննադատությունների, պարսավանքի և շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում, քան կլիներ, եթե այդ նույն արտահայտությունը կամ նույն աշխատաոճը լիներ տղամարդկանց մոտ: Այնպես որ, մեզնից ակնկալում են, որ մենք լինենք կատարյալ: Ես առնվազն չեմ դադարում այդ ուղղությամբ աշխատել, բայց կարծում եմ, որ միմյանց գոտեպնդելու, կանանց դերն իսկապես վերաիմաստավորելու առումով բավական աշխատանք ունենք կատարելու»,-ասաց նա:










