2018-ին ՀՀ-ն կարողացավ աշխարհին հզոր ուղերձ հղել, որ առանց կորուստների հնարավոր է ամրապնդել ժողովրդավարությունը. Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

15:29 • 08.03.19

2018 թ. ՀՀ-ն կարողացավ աշխարհին հզոր ուղերձ հղել՝ ևս մեկ անգամ ամրապնդելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, կարողացավ ցույց տալ, որ դրական փոփոխությունն առանց կորուստների հնարավոր է: ԱԺ-ում կանանց միջազգային օրվա առիթով ՀՀ Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը հայտարարեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն:

Նա համոզմունք հայտնեց, որ նորընտիր խորհրդարանը և  քաղհասարակության ներկայացուցիչները սերտորեն համագործակցելու են՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակով: 

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի խոսքով՝ Կանանց միջազգային օրը փորձ է արվում բացահայտել և մատնանշել այն մարտահրավերները, որոնք ծառացած են կանանց առջև ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: «Մենք պետք է ստեղծենք քաղաքական դաշինքներ քաղաքական խմբակցությունների ու կուսակցությունների միջև, պետք է կարողանանք համագործակցաբար հաղթահարել մարտահրավերները»,-ասաց նա:

Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն նշեց, որ թեև Շվեդիան այս ոլորտում ունի բավականին առաջընթաց, այդուհանդերձ կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցում անելիքները դեռևս շատ են:

Ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ընդգծելով, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություն է կանանց ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Նա նշեց, որ նոր կառավարության հետո ծրագրերի իրականացման, մասնավորապես քաղաքականության ոլորտում կանանց մասնակցությունն ամրապնդելու տեսանկյունից կա արդյունավետ համագործակցություն: