Կանանց աշխատանքի մեծ մասը մնում է չնկատված, երբեմն նրանց փոխարեն կայացվում են կենսական որոշումներ. Լենա Նազարյան
Թեև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները մնում են սահմանափակ:
Ազգային ժողովում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նա թվարկեց մի շարք խնդիրներ. «Կանանց աշխատանքի մեծ մասը, ընտանիքի և երեխաների խնամքը մնում են չնկատված, ՀՀ-ում կանայք ճիշտ է՝ ունեն հավասար կրթության իրավունք, սակայն կան համայնքներ, որտեղ աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի համարվում: Ճիշտ է՝ կանայք ունեն ընտանիք կազմելու ու անձնական կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն էլի լինում են դեպքեր, երբ կենսական որոշումներն իրենց փոխարեն կայացնում են այլք, իսկ շատերն էլ իրենց զգում են հանրային կարծիքի ճնշման ներքո»,-ասաց նա:
Լենա Նազարյանը նշեց, որ կանայք ունեն առողջության պահպանման իրավունք. «Սակայն նորից, միշտ չէ, որ պաշտպանված են նրանց վերարտադրողական առողջության և սեփական մարմինը տնօրինելու իրավունք: Օրենքով կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն ցավով ենք նշում, որ լինում են բռնության և շահագործման դեպքեր ընտանիքում և աշխատանքում»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ կան հետազոտություններ, և կան քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար: «Այսօր մեր խորհրդարանում թեև ունենք համեմատաբար ավելի մեծ, բայց ընդամենը 24% կանանց ներկայացվածություն»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ կանայք, լինելով բնակչության 50%-ից ավելի, ունեն հանրային թանկ ռեսուսրների պակաս, ինչպիսիք են՝ ազատ ժամանակը, ֆինասական միջոցները, հանրային վստահությունն ու աջակցությունը:
Այս խնդիրները, ըստ նրա, սոցիալական բնույթ ունեն և ուրեմն պետք է լուծվեն իրավական մեխանիզմներով և հանրային աջակցությամբ: «Մենք՝ կանայքս, պետք է հասկանանք մեր խնդիրները, ինչպես նաև գիտակցենք մեր զորությունը, հավաքական փոխաջակցության ուժը, ինչպես ամեն ուժ, այնպես էլ ՀՀ-ում ամեն ուժ փոխաջակցող են, քույրաբար օգնող: Հաճախ կարելի է հիանալ, թե ինչպես են տարբեր սերնդի կանայք իրար օգնում, բայց դա հաճախ չի դառնում հանրային կյանքի փորձառության մաս: Պետք է զորակցենք այլ կանանց մեր զորակցությամբ»,-ասաց նա:
Լենա Նազարյանը նշեց, որ նշելով մարտի 8-ը՝ առաջին հերթին իրենք ընդունում են կանանց խնդիրների գոյությունը և դրանք հաղթահարելու հանձնառությունը: «Եթե մարտի 8-ի ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարի»,-եզրափակեց նա:










