Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը մեղադրվել է ավելի քան 865 մլն դոլար կաշառք վերցնելու համար
Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան և գործարար Բեհզոդ Ահմեդով Միացյալ Նահանգներում մեղադրվում են փողերի լվացման և ավելի քան 865 մլն դոլար կաշառք ստանալու համար:
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությանը հղումով:
Նշվում է, որ Քարիմովայի և «ՄՏՍ»-ի «Ուզդունրոբիտ» ուզբեկական դուստր ընկերության նախկին գործադիր տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել:
Դատախազությունը ենթադրում է, որ Քարիմովան ծառայողական դիրքի չարաշահման արդյունքում ավելի քան 865 մլն դոլար կաշառք է ստացել մի շարք խոշոր հեռահաղորդակցային ընկերություններից:
Ավելի վաղ Ուզբեկստանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ երկրի առաջին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան, որին ավելի վաղ կայանավայր էին տեղափոխել, ինքնասպանություն չի գործել և շարունակում է կրել պատիժը:
Նախկինում լուրեր էին տարածվել, թե Քարիմովան պատժի խստացման պատճառով կալանավայրում ինքնասպանություն է գործել:
Գյուլնարա Քարիմովան դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման 2015 թվականի օգոստոսին. նրան մեղավոր էին ճանաչել դրամային շորթումների ու հարկերից խուսափելու համար: 2018 թվականին դատարանն ազատազրկումը փոխարինել է 5 տարվա տնային կալանքով: Ըստ որոշման՝ Քարիմովան պետք է տնային կալանքի տակ մնար իր դստեր գրանցման հասցեում:
Մարտի 6-ին պատժի կրման պայմանների պարբերական խախտումների պատճառով Քարիմովային կալանավայր էին տեղափոխել:










