Ուզբեկստանի գլխավոր դատախազը հերքել է Գյուլնարա Քարիմովայի ինքնասպանության լուրը
Ուզբեկստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան, որին ավելի վաղ կայանավայր էին տեղափոխել, ինքնասպանություն չի գործել և շարունակում է կրել պատիժը, գրում է nuz.uz կայքը:
«Ոչ մի ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ, առավել ևս՝ սպանություն չի եղել: Գյուլնարա Քարիմովան սահմանված կարգով այժմ կրում է պատիժը: Դա այս ռեզոնանսային թեմայի շուրջ հերթական անվանարկումն է»,- հայտարարել է գլխավոր դատախազը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Քարիմովան պատժի խստացման պատճառով կալանավայրում ինքնասպանություն է գործել:
Գյուլնարա Քարիմովան դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման 2015 թվականի օգոստոսին. նրան մեղավոր էին ճանաչել դրամային շորթումների ու հարկերից խուսափելու համար: 2018 թվականին դատարանն ազատազրկումը փոխարինել է 5 տարվա տնային կալանքով: Ըստ որոշման՝ Քարիմովան պետք է տնային կալանքի տակ մնար իր դստեր գրանցման հասցեում:
Մարտի 6-ին պատժի կրման պայմանների պարբերական խախտումների պատճառով Քարիմովային կալանավայր էին տեղափոխել:










