Մոտ 500 ներգաղթյալ ծնող ԱՄՆ-ից արտաքսվել է՝ առանց երեխաների հետ վերամիավորվելու հնարավորության. Daily Mail
Հարյուրավոր ներգաղթյալ ծնողներ, որոնք սահմանին ստիպողաբար բաժանվել էին իրենց երեխաներից, արտաքսվել են Միացյալ Նահանգներից՝ առանց երեխաների հետ վերամիավորվելու հնարավորության:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընդունել է սա՝ մանրամասնելով, որ խոսքը 471 չափահաս ներգաղթյալի մասին է, որոնք երեխաներին իրենց հետ տանելու հնարավորություն չեն ունեցել:
Հատկանշական է, որ տվյալները հրապարակվել են ներքին անվտանգության հարցերով քարտուղար Քրիստյեն Նիլսենի`Կոնգրեսում արած այն հայտարարությունից հետո, թե ինքը տեղյակ չի եղել այդպիսի ընտանիքների գոյության մասին:
«Իմ իմանալով՝ չկա գեթ մի ծնող, որն արտաքսվել է երկրից և երեխային իր հետ վերցնելու հնարավորություն չի ունեցել»,-ասել է քարտուղարը: Այս հայտարարությունից ժամեր անց հրապարակվել են տվյալները:
Արդյունքում մի շարք կոնգրեսականներ պահանջել են քարտուղարի հրաժարականը:
Ընդհանուր առմամբ, Թրամփի վարած կոշտ միգրացիոն քաղաքականության հետևանքով վերջին ամիսներին Մեքսիկայի հետ սահմանին մոտ 3000 ապօրինի ներգաղթյալ ընտանիք ստիպողաբար բաժանվել է երեխաներից:
Թրամփի որոշմամբ՝ ապօրինի ներգաղթյալները տեղափոխվել են բանտ, իսկ նրանց երեխաները, որոնց չի կարելի բանտ տանել, տեղափոխվել են ժամանակավոր ապաստարաններ: Դրա հետևանքով ընտանիքները բաժանվել են:










