Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում. Պոմպեոն հերքել է ԱՄՆ-ի կամ այլ երկրների կապը միջադեպին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է ԱՄՆ-ի կամ այլ երկրների միջամտությունը Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատմանը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ վենեսուելական ամենախոշոր հիդրոէլեկտրակայանը համարվող «Էլ Գուրի»-ում տեղի ունեցած վթարից հետո Վենեսուելայում էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան (Corpoelec) միջադեպն անվանել էր «դիվերսիա» և Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի մաս:
«Էլեկտրաէներգիայի անջատումները, որոնցից տառապում են շարքային վենեսուելացիները, տեղի են ունենում ոչ ԱՄՆ-ի կամ Կոլումբիայի մեղքով: Դա Էկվադորը չէ, Բրազիլիան չէ, Եվրոպան կամ այլ ինչ-որ մեկը չեն»,- գրել է Պոմպեոն Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը հենց Վենեսուելայի իշխանությունների գործողությունների հետևանք է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են արձանագրվել Վենեսուելայի 23 նահանգներից 21-ում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում: Դրա հետևանքով չի գործել քաղաքի մետրոն, ինչպես նաև խափանումներ են նկատվել բջջային կապի աշխատանքում:










