Ալժիրում գործող նախագահի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ անցկացված ցույցին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ
Ալժիրի մայրաքաղաքում ուրբաթ գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ անցկացված ցույցին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Al Watan պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցները կրկին հայտարարել են, որ փետրվարի 24-ից Ժնևի հիվանդանոցում գտնվող 82-ամյա Բուտեֆլիկան ծանր հիվանդ է և ի վիճակի չէ կատարել երկրի նախագահի պարտականությունները:
Ալժիրում ողջ օրը հասարակական կարգը պահպանել են ոստիկանները: Անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել պետական կառույցների և օտարերկրյա պետությունների դեսպանատների շենքերի մոտ: Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 195 ցուցարար, տուժել է 112 ոստիկան:
Նշվում է, որ իրավապահները փակ են պահել նախագահական պալատ տանող բոլոր ճանապարհները: Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են մետրոյի և էլեկտրական գնացքների երթևեկությունը:










