Քաղաքապետարանի թույլտվությամբ շարունակում են քանդել Խորենացի 13 շենքի ճակատային հատվածը. ուղիղ
Երևանի քաղաքապետարանի՝ փետրվարին կայացրած որոշման համաձայն` արդեն մի քանի օր է` քանդում են Խորենացի 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասը:
Շենքն ապամոնտաժվել է 2004-ին, այդ ժամանակ պահպանվել է կառույցի միայն ճակատային մասը, որը, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում ընդգրկված չէ:
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերը ճակատային հատվածի պահպանում չեն նախատեսել:
Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ «Շիրակ» հյուրանոցի մոտ տեղակայված Լուսավորության նախարարութան շենքի դիմային հատվածը տարբեր լուծումներով կարելի է պահպանել, դրա տարբեր ձևերն ու մեխանիզմները կան, միջազգային փորձն էլ կա, թե չէ ցանկացած հարց լուծում են էքսկավատորով, այդպես չի կարելի, դա պատմություն է, մշակույթ է:
Ճարտարապետ Բորիս Քոչարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ դա նախկին արատավոր պրակտիկայի շարունակությունն է, երևույթը բարբարոսություն է. «Այսինքն՝ մենք քաղաքի հետ այդպես էլ չենք ուզում վարվել ծրագրային մոտեցումներով, անընդհատ հատվածական խնդիրներ ենք լուծում»:









