Վենեսուելան երկրում էներգահամակարգի նկատմամբ «հարձակման» պատճառով ԱՄՆ-ի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարին

10:29 • 09.03.19

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի իշխանություններն էներգահամակարգի նկատմամբ «հարձակման» պատճառով բողոք կներկայացնեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաչելեթին, գրում է Noticiero Digital գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ ամերիկյան կողմը նախապես տեղյակ է եղել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մասին:

«Նրանք կիբեռհարձակում են գործել ավտոմատ կառավարման համակարգի նկատմամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում պատվիրակության կազմում Վենեսուելա կժամանի Բաչելեթը, որին Կարակասն իր տեսակետն ապացուցող փաստեր կներկայացնի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայի արտգործնախարարությունը քննադատել էր ԱՄՆ-ին՝ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների տեսքով կազմակերպած «տոնի» համար: