Գիտնականները կոչ են արել ամբողջ աշխարհում արգելել դեռևս չծնված երեխաներին գենային փոփոխման ենթարկելու փորձերը
Աշխարհի առաջատար գիտնականները կոչ են արել համաշխարհային մորատորիում սահմանել ԴՆԹ-ի փոփոխման գերառաջադեմ գործիքներով մայրական արգանդում գտնվող սաղմերին գենային փոփոխման ենթարկելու պրակտիկայի նկատմամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, գիտնականները ցանկանում են արկածախնդիր հետազոտողներին հստակ ազդակ ուղարկել առ այն, որ դեռևս չծնված երեխաներին գենետիկորեն փոփոխելու ցանկացած փորձ անընդունելի է:
Գիտնականները պահանջում են, որ երկրները պաշտոնապես արգելք սահմանեն այդ պրակտիկայի կիրառման նկատմամբ:
«Մենք ցանկանում ենք խելամիտ և բաց որոշումներ տեսնել, վստահ լինել, որ երկրներն ինչ-որ բաներ գաղտնի չեն անում»,-ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Էրիկ Լանդերը:
Ի դեպ, այս նախաձեռնությանն են միացել երկու գիտնականները, որոնք օգնել են հայտնագործել ու զարգացնել գենային փոփոխությունների ամենահայտնի Crispr գործիքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի չինացի գիտնական Հի Ժյանկույը հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ, համաձայն որի Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները: Դա մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվել է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»:
Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ: Հայտնի է, որ աղջիկների հայրը ՄԻԱՎ վարակակիր է:
Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ գործիքի՝ CRISPR-cas9-ի միջոցով:
CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:
Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:










