Սերբիայում գտնվել են Նիկոլա Տեսլայի կորած նամակները
Սերբիայում ծագումով սերբ հայտնի ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Նիկոլա Տեսլայի կողմից գրված երկու նամակ է հայտնաբերել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Նամակերը գրվել են 1934թ.-ի դեկտեմբեր ամսին և ուղղված են Նյու Յորքում Հարավսլավիայի Թագավորության գլխավոր հյուպատոսին:
Նամակներում Տեսլան խոսում է ծագումով սերբ ֆիզիկոս Միխայիլ Պուպինի մասին: Ավելի վաղ պատմաբանները կարծիք են հայտնել, թե Տեսլայի և Պուպինի միջև տարաձայնություններ են եղել, և նրանք տարիներով չեն շփվել միմյանց հետ, սակայն հայտնաբերված նամակներում Տեսլան հարգանքով է արտահայտվել ֆիզիկոսի մասին:
Հետազոտողների խոսքով՝ հայտնաբերված նամակները շատ առումներով փոխում են երկու գիտնականների հարաբերությունների մասին եղած ենթադրությունները: Նամակներից պարզ է դառնում, որ դրանց գրվելու պահին՝ Պուպինի մահից 3 ամիս առաջ, նրանց միջև ոչ մի տարաձայնություն չի եղել, և գիտնականները միայն ցանկացել են հնարավորինս շուտ հանդիպել միմյանց:
Թե որտեղ և ինչպես են հայտնաբերվել Տեսլայի նամակները, չի հաղորդվում, ինչպես նաև ոչ մի հիշատակում չկա այն մասին, թե արդյոք դա կարող է հանգեցնել տասնամյակներ ի վեր փնտրվող «Տեսլայի արխիվների» հայտնաբերմանը:










