Նոր Զելանդիայի սպանդի համար մահմեդական ներգաղթյալներին մեղադրած ավստրալացի սենատորի գլխին ձու են կոտրել (տեսանյութ)

13:47 • 16.03.19

Ավստրալիայում դեռահասը ձու է կոտրել սենատոր Ֆրեյզեր Էնինգի գլխին: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության համար մահմեդականների անուղղակի մեղավորության մասին:

Միջադեպի տեսագրությունը Twitter սոցկայքում տեղադրել է լրագրող Բրայան Թայլեր Կոհենը:

Կադրերում երևում է, թե ինչպես է պատանին մոտենում քաղաքական գործչին և ձուն կոտրում նրա գլխին: Ի պատասխան՝ Էնինգն ապտակում է դեռահասին և ձեռնամարտի բռնվում նրա հետ, սակայն ներկաները նրանց բաժանում են:

Հայտնի չէ, թե արդյոք միջադեպը որևէ կապ ունի սենատորի հայտարարության հետ:

Ավելի վաղ Էնինգն ասել էր, որ Նոր Զելանդիայում 50 մարդու կյանք խլած հրաձգությունը հետևանքն է ներգաղթյալների համար իրականացված ծրագրի, որի շրջանակում Նոր Զելանդիան իր տարածք է թողնում մահմեդական ներգաղթյալներին:

Որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել է սոցկայքերից, սակայն մինչ այդ հասցրել է շրջանառվել համացանցում: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն այդ խոսքերը զզվելի է համարել: