«Սասնա ծռեր»-ն Արցախում ստորագրահավաք է սկսում, որով արցախցիները հնարավորություն կստանան մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին

15:12 • 18.03.19

«Սասնա ծռեր» կուսակցությունն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ստորագրահավաք է սկսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը սկսում է Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը:

«Ինչպես գիտեք, կա Արցախը ՀՀ կազմում դե յուրե ներառելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ` հանրաքվե, երկու խորհրդարանների համատեղ որոշում և այլն: Առայժմ որոշակի տարբերակի առաջնահերթություն չենք տալիս, պատրաստ ենք քննարկել բոլոր տարբերակները»,- ասաց նա և հավելեց, որ անկախ այս ամենից՝ միևնույնն է, պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացների՝ ՀՀ ընտրություններին, հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու հարցը:

«Սա պարտադիր ու առաջնահերթ քայլ է՝ ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով: «Սասնա ծռերն» այս նախաձեռնությունը սկսում է հիմա, քանի որ անհրաժեշտ էր Արցախում ունենալ քաղաքական կազմակերպչական միավոր, այժմ այդ միավորը կա: Օրերս Արցախում գրանցվել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը, որի հիմնական անելիքն այս գործընթացի ապահովումն է»,- ասաց Ավետիսյանը:

Տեսակամուրջի միջոցով Արցախից «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները ընթերցեցին հայտարարությունը:

Նախ նշվեց, որ սկսում են ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով: «Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին: ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 2018 թվականին կազմակերպված քննարկումների ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը համակարգող «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որտեղ գլխավորների թվում ներառվել է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը: Հայտնի պատճառով այդ բարեփոխումները առկախվեցին: Սակայն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակվում է առանցքային լինել «Սասնա ծռեր» կուսակցության օրակարգում: Մեր կուսակցությունը որպես շարժման Արցախյան բաղադրիչ օրեր առաջ` պաշտոնական գրանցումից հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու համար նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- նշվում է հայտարարությունում:

Փաստորեն, Արցախում հաշվառված և դիմում ստորագրող ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքի իրացումն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունից և ԿԸՀ-ից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ սահմանադրությամբ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովել:

Կուսակցությունը պահանջում է, որ Արցախի ՀՀ քաղաքացիներն ընդգրկվեն ՀՀ ընտրողների ռեգիստրում, սահմանված կարգով Արցախում ձևավորվեն ընտրական տարածքներ և ընտրական տեղամասեր, ինչպես նաև կազմավորվեն համապատասխան ընտրական հանձնաժողովներ:

Ամալյա Առաքելյան