Ներդրումներ են, որ «բարեկամ Հայաստանի» բնակիչների կյանքն ավելի լավը դառնա. ՌԴ դեսպանը՝ իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման մասին (լուսանկարներ)
Մարտի 17-ին Արարատի մարզում ազդարարվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի կողմից իրականացվող երկու ծրագրերի իրականացումը:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՄԱԿ-ի ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը ծանոթացան ծրագրերի իրականացման ընթացքին:
Նրանց առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքն էր: Այցելեցին ամուսիններ Հարություն Առաքելյանի և Արմիկ Սարգսյանի հյուրընկալ օջախ, որը, շնորհիվ Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ՄԱԶԾ ծրագրի, դարձել էր զբոսաշրջիկների համար գրավիչ վայր՝ առաջին գաստրո պարկը համայնքում. այստեղ այցելողն արդեն կարող է համտեսել թոնրի լավաշ, խորոված, հայկական ուտեստներ՝ ամենը բնական, տան անդամների ձեռքով պատրաստված:
ՄԱԶԾ Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ծրագրի կոորդինատոր Արման Վանեսյանի խոսքով՝ ծրագիրն իրենք մեկնարկել են 2016 թվականից, նպատակը 60 գյուղական համայնքներում աշխատատեղեր ստեղծելն է՝ օգտագործելով զբոսաշրջության պոտենցիալը:
Ըստ նրա՝ իրենց ծրագրի հիմքում ընկած է մարդը, փնտրում են նրանց, որոնք ունեն զբաղմունք, որը ինչ-որ ձևով առնչվում կամ կարող է առնչվել զբոսաշրջության հետ: Մշակվել և իրագործվում է 45 ծրագիր Հայաստանի տարբեր համայնքներում, դրանց թվում են․ 4 համայնքապատկան բուտիկ հյուրանոց/հյուրատան և ապակենտրոնացված հյուրանոցային ծրագրեր, ստեղծվել է 8 գաստրո պարկ և այլն:
«Մտնում ենք գյուղ, փնտրում ենք մարդու: Փորձում ենք հասկանալ՝ ինչքանով է պատրաստ, ինչքանով է մոտիվացված, թե որքանով է, օրինակ այդ մարդու ձեռքը համով, հյուրընկալ և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ Փոքր Վեդիում ստեղծված գաստրո պարկի ունեցած հաջողությունը, թվային արդյունքները կարող են չափել արդեն աշնան վերջին:
Հաջորդ կանգառը Խոսրովի անտառն էր: Այստեղ տեղի ունեցավ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում 360 հրշեջների համար ձեռք բերված գործիքների և սարքավորումների փոխանցումը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից (ՄԱԶԾ) ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին:
Այստեղ միջազգային գործընկերներին միացան նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ՌԴ դեսպանատունն այս ծրագրի իրականացման համար 100 000 դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրել: Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերի հրատապ խնդիրը՝ ազգային գործընկերների համար անհրաժեշտ տեխնիկական ներուժ զարգացնելու և վերահսկողության, կանխարգելման և անտառային հրդեհների մարման ժամանակ պատասխանատվության բաշխման գործընթացում աջակցելու միջոցով։
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել գործիքներ և սարքավորումներ 360 հրշեջների
համար, ներառյալ ուսապարկ-պոմպեր, ջրի ծալովի բաքեր, թակիչներ, բահեր, կացին-քլունգներ, բարձր ճնշման պոմպեր, այրիչ սարքեր, սղոցներ, առաջին բուժօգնության միջոցներ, ռադիոկապի միջոցներ և այլն։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին իր մասնակցությանը: «Որպես Հայաստանում ՌԴ դեսպան՝ ինձ համար առանձնահատուկ կարևոր է, որ Հայաստանը դիտարկվում է որպես առաջնահերթություններից մեկը մեր գործունեության այս ուղղության մեջ»,- ասաց նա:
Նա մատնանշեց՝ և՛ Փոքր Վեդիում կառուցված գաստրո պարկը, և ՛անտառային հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված տեխնիկական միջոցների փոխանցումը կարևոր ներդրում են, որ «բարեկամ Հայաստանի» բնակիչների կյանքն ավելի լավը դառնա:«Ես կարծում եմ՝ այդ քաղաքականությունը, այդ աշխատանքը կշարունակվեն»,- ասաց նա:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց ՌԴ դեսպանատանն ու ՄԱԶԾ-ին՝ ՀՀ-ին ուղղված աջակցության համար: «Մենք հասկանում ենք, որ երբեմն որոշակի ծրագրերի, ինովացիոն մեխանիզմների օգտագործմամբ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքի և օգտագործել տասնապատիկ ավելի քիչ ռեսուրսներ: Հույս ունենք, որ ծրագրի ընթացքում կհասնենք նմանատիպ արդյունքների»,- ասաց նա:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար: «Մենք համագործակցությունը ընդունում ենք որպես շատ կարևոր էլեմենտ մեր աշխատանքում: Կարևոր եմ համարում նաև այս գործընթացի շարունակությունը»,- ասաց նա:

.jpg?1552930791238)



.jpg?1552930828302)











