Անգլիայում մուկն ամեն գիշեր մաքրել է թոշակառուի ցախատունը՝ մետաղյա իրերը տուփի մեջ լցնելով (տեսանյութ)

21:22 • 18.03.19

Անգլիայի Հարավային Գլոսթերշիր շրջանի տարեց բնակիչ Սթիվեն Մքքեըրսը պարբերաբար նկատել է, որ իր այգու ցախատանը որոշ առարկաները, կարծես, իրենք իրենց տեղաշարժվում են։

72-ամյա թոշակառուն մասնավորապես նկատել է, որ սեղանին թողնված պլասմասսե ու մետաղյա իրերը հայտնվել են սերուցքի հին տուփի մեջ, որի մեջ թռչուններին կերակրելու համար նախատեսված գետնանուշ է եղել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսնելով, որ ամեն գիշեր տուփի մեջ նոր առարկներ են ավելանում, տղամարդը դատարկել է այն՝ իրերը կրկին շաղ տալով սեղանին, իսկ երբ հաջորդ երեկոյան վերադարձել է, հայտնաբերել է, որ դրանք կրկին տուփի մեջ են։

«Ես պատկերացում չունեի, թե ով կարող էր անել դա։ Երեխաներն ասում էին՝ ուրվական է, իսկ ինձ թվում էր՝ խելքս թռցնում եմ»,- ասել է Սթիվենը։ Շաբաթներ անց տղամարդը հանելուկը լուծելու նպատակով հարևանի օգնությամբ ցախատանը վերջապես տեսախցիկ է տեղադրել։

Ավելի ուշ, դիտելով տեսախցիկի ֆիքսած կադրերը, տղամարդը մեծ զարմանքով հայտնաբերել է, որ այդ ամբողջ ընթացքում ցախատան մաքրությամբ զբաղվել է մի սովորական մուկ, որին հաջողվել է տուփի մեջ տեղավորել անգամ իրենից երկու անգամ ծանր առարկաները։

«Ես բավականին զարմացա դա տեսնելով։ Տեսել եմ մկներ, որոնք բույն կառուցելու համար առարկաներ են տեղափոխում, բայց մետաղ հավաքող մուկ՝ երբեք»,- ասել է տղամարդը՝ հավելելով, որ ցախատան կրծող բնակիչն այժմ էլ շարունակում է այդ գործով զբաղվել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: