Եթովպիայում Boeing 737-ի կործանման զոհերի հարազատները ստիպված են եղել թաղել հողով լի դագաղներ. լրատվամիջոցներ

11:25 • 18.03.19

Եթովպիայում Boeing 737 ինքնաթիռի կործանման զոհերի հարազատները ստիպված են եղել մարտի 17-ին կայացած զանգվածային հուղարկավորության ժամանակ հողով լի դագաղներ թաղել, քանի որ մահացածների մարմնի մնացորդները նրանց այդպես էլ չեն տրամադրվել, այս մասին գրում է Regnum-ը։

Նշվում է, որ բոլոր զոհերի մարմնի մնացորդների հայտնաբերման ու ճանաչման համար կարող են ամիսներ պահանջվել։
Զոհերի հարազատները պատմել են, որ իրենց փոխանցել են միայն օդանավի կործանման վայրից վերցված հողով լի ոչ շատ մեծ պարկեր, ընտանիքները ստիպված են եղել թաղման արարողությունն իրականացնել առանց մարմինների։

Այս իրավիճակը դժգոհություն է առաջացրել հատկապես մուսուլման ընտանիքների մոտ, որոնք ցանկացել են հուղարկավորել հարազատների մարմինները՝ հետևելով կրոնական ավանդույթներին և որքան հնարավոր է շուտ։

«Մենք չենք հանգստանա, մինչև մեզ չփոխանցեն մեր մտերիմների մարմինները» - լրատվամիջոցների հետ զրույցում ասել է զոհերից մեկի ընտանիքի անդամը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող «Ethiopian Airlines» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որում եղել են 35 երկրի քաղաքացիներ: Ողբերգական միջադեպը խլել է 157 մարդու կյանք։