NATO-GEO EXERCISE 2019. Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները
Երկուշաբթի Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշինքի գործընկերների մասնակցությամբ NATO-GEO EXERCISE 2019 մասշտաբային համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով, այսօր տեղի է ունեցել բացման արարողությունը. զորավարժությունները կտևեն մինչև մարտի 29-ը: Դրանք կընթանան ՆԱՏՕ-ի հետ համատեղ մարզական և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան վստահեցրել է, որ զորավարժություններն ու Թբիլիսի-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չեն որևէ երկրի դեմ:
ՊՆ փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են երկրորդ անգամ և, ի տարբերւթյուն առաջինի, կլինեն ավելի լայնամասշտաբ: Դրանց կմասնակցի ավելի քան 343 զինծառայող՝ աշխարհի 24 երկրից: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ այս զորվարժությունները կանցնեն երկրի զինված ուժերի ղեկավարության ներքո:
«Զորավարժությունների նպատակն է Վրաստանի, ՆԱՏՕ-ի, գործընկեր պետությունների փոխհամատեղելիության ավելացումն ու վրացական զինված ուժերի կառավարման ու վերահսկման հնարավորությունների ամրապնդումը»,-նշվում է ՊՆ հաղորդագրությունում:
Վրաստանում ակնկալում են, որ զորավարժությունների ընթացաքում երկիր կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:










