Կիևում հրդեհել են Պորոշենկոյի հիմնած Roshen ընկերության խանութներից մեկը

15:03 • 18.03.19

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձինք կրակի են մատնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հիմնած Roshen ընկերության խանութներից մեկը, այս մասին հաղորդում է ուկրաինական УНН գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ըստ նախնական տվյալների՝ չարագործները մարտի 17-ի երեկոյան հատուկ նյութ են լցրել Օբոլոնյան պողոտայի վրա գտնվող խանութի շենքի վրա ու այրել այն։ Հրդեհի հետևանքով վնասվել է շենքի ճակատային հատվածի մի մասը։

Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է պլաստիկ շիշ, որի մեջ առկա են եղել թափանցիկ նյութի մնացորդներ։ Դեպքի առնչությամբ սկսվել է նախաքննություն, գտնված իրերն ուղարկվել են փորձաքննության։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև գործող նախագահ Պորոշենկոն։