ՆԱՍԱ-ն երկնաքարի հզոր պայթյուն է արձանագրել Կամչատկայի մոտակայքում
ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ երկնաքարը Երկրի մթնոլորտում պայթել է 2018-ի դեկտեմբերին:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների գործակալությունից հայտնում են, որ դա տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին Բերինգի ծովում՝ Կամչատկա թերակղզու ափերի մոտակայքում՝ 25.6 կմ բարձրությամբ:
Պայթյունի հզորությունը 10 անգամ գերազանցել է Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի պայթյունը: Միաժամանակ այն զիջել է 2013 թվականին Չելյաբինսկում տեղի ունեցած երկնաքարի պայթյունին:
ՆԱՍԱ-ի՝ օտար մարմիններից Երկրի պաշտպանության գծով մասնագետ Լինդլի Ջոնսոնը տեղեկացրել է, որ նման հզորության պայթյունները տեղի են ունենում 100 տարում 2-3 անգամ միայն:
Նշվում է, որ պայթյունն արձանագրել են ռազմական արբանյակները, որոնք տեղեկությունը փոխանցել են ՆԱՍԱ-ին:










