Նոր Զելանդիայի մզկիթում սպանդ իրականացրած ավստրալացին մտադիր է ինքնուրույն պաշտպանել իր շահերը դատարանում

16:37 • 18.03.19

Նոր Զելանդիայի մզկիթում զանգվածային սպանություն իրականացնելու համար մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը մտադիր է ինքնուրույն պաշտպանել իր շահերը դատարանում, այս մասին գրում է New Zealand Herald պարբերականը։

Հերթապահ փաստաբան Ռիչարդ Փիթերսն արդեն հաստատել է, որ այլևս չի ներկայացնում նրա շահերը։

Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ այս քայլով ավստրալացին կարող է օգտագործել դատական գործընթացը որպես իր համոզմունքները բարձրաձայնելու հարթակ։

Նոր Զելանդիայի ոստիկանության պետ Մայք Բուշն այսօր տված մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իրենց կարծիքով՝ Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած սպանդի պատասխանատվությունը կրում է մեկ մարդ, և դա հենց Տարանտն է։

«Մենք համարում ենք, որ եղել է միայն մեկ հարձակվող։ Դա չի նշանակում, որ չէին կարող լինել մարդիկ, որոնք կարող էին աջակցել նրան, և սա շարունակում է մնալ մեր հետաքննության կարևոր մասերից մեկը», - ասել է ոստիկանապետը։

Ըստ նրա՝ այժմ տարվող հետաքննությունն ամենախոշորն է երկրի պատմության մեջ․ գործը բացահայտելու համար աշխատում է 250 մասնագետ, թեև Նոր Զելանդիայի տարածքում վտանգի մակարդակը շարունակում է բարձր մնալ։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ։