Թաիլանդում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կա 1 զոհ և 10 տուժած
Թաիլանդում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, միջադեպի հետևանքով մահացել է մեկ աշակերտուհի, ևս 10 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում են բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ։
Ինչպես հաղորդում է Thaiger պորտալը, երեխաները Նոնգ Բուա Լամփհու նահանգից դպրոցական էքսկուրսիայի էին ուղևորվում դեպի կենտրոնական Թաիլանդ։ Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Բանգկոկից 122 կմ հեռավորության վրա։ Մեծ արագություն զարգացրած ավտոբուսը հանկարծակի դուրս է եկել մայրուղուց ու շուռ եկել։ Ավտոբուսի մեջ եղել է 20 երեխա և 19 ուսուցիչ։
Դպրոցականները պետք է էքսկուրսիա անցկացնեին Պրաչինբուրի նահանգում, որը հայտնի է հնագիտական պեղումներով։
Նշվում է, որ մեկ աշակերտուհի մահացել է տեղում, տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ չեն փոխանցվում։ Ավտոբուսի վարորդի ճակատագրի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։ Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։













