Էրդողանը հայտարարել է մահապատժի օրենքը վերականգնելու ցանկության մասին ու նույնը խորհուրդ տվել Նոր Զելանդիային

18:18 • 19.03.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել երկրում մահապատիժը վերականգնելու մասին օրենքը, եթե խորհրդարանն ընդունի այն։ Այս մասին գրում է թուրքական bursahaber.com կայքը։

«Մենք սխալ ենք գործել, որ վերացրել ենք մահապատիժը։ Ըստ ինձ՝ սխալվել ենք։ Օրինակ՝ 2016-ի հուլիսի 15-ի գիշերը զիվորներիս, ոստիկաններիս սպանողներին բանտում կերակրելն ինձ համար ծանր է, նույնիսկ եթե ցմահ են դատապարտված։ Ես միշտ ասել եմ, էլի եմ ասում, եթե Մեջլիսը սրա հետ կապված որոշում կայացնի, ես կհաստատեմ», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև խորհուրդ է տվել նույն բանն անել Նոր Զելանդիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի մահմեդականների դեմ հարձակում իրականացրած անձին նույնպես պետք է մահվան դատապարտել։

«Եթե ձեր Սահմանադրության մեջ նման կետ չկա, փոփոխություններ արեք ու նման մարդասպաններին ապրելու իրավունք մի՛ տվեք», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Թուրքիայում մահապատիժն օրինական կիրառություն ուներ մինչև 2004 թվականը, սակայն գործնականում այն չի կիրառվել 1984-ից ի վեր:

Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները երկրում սկսեցին ի հայտ գալ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել, հազարավորները` վիրավորվել: