Ճապոնիայի նոր կայսեր պատվին կազմակերպվող տոնակատարությանը 195 երկրի ղեկավար կհրավիրվի

11:14 • 19.03.19

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալության առթիվ հոկտեմբերի 22-ին կազմակերպվող հանդիսավոր տոնակատարությանը հրավիրել 195 երկրների ղեկավարների, որոնց հետ Տոկիոն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ NHK հեռուստաալիքին հղումով։


Ճապոնիայի ներկայիս կայսր 85-ամյա Ակիհիտոն ապրիլի 30-ին, հաշվի առնելով տարիքը, իր իսկ խնդրանքով կհեռանա գահից։ Հաջորդ օրը գահ կբարձրանա նրա որդին՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոն։


Այդ օրը գահի փոխանցման առթիվ ոչ մեծ քաղաքացիական արարողություն տեղի կունենա իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչքների՝ վարչապետի ու կառավարության անդամների, խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների ու Գերագույն դատարանի ղեկավարության մասնակցությամբ, մինչդեռ հիմնական տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերին։


Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է զուտ արարողակարգային գործառույթներ, որը չի ենթադրում իրական իշխանություն և, ի տարբերություն շատ միապետական երկրների, երկրի ղեկավարի կարգավիճակ չունի։