Մենք երկխոսությունից չենք հրաժարվի և սեղանին կդնենք մեր փաստարկները. Փաշինյանը` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին (տեսանյութ)

13:20 • 19.03.19

Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է հետևողականորեն աշխատել. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Tert.am-ի հարցին` եթե Ադրբեջանի կողմից դրական ազդակներ չլինեն, Ադրբեջանը չհամաձայնի Արցախի` բանակցային սեղան վերադարձին, ի՞նչ է անելու Հայաստանը, որքան է պատրաստ սպասել:

«Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո´չ Մինսկի խմբի համանախագահների, ո´չ ադրբեջանցի մեր գործընկերների համար: Այս ընթացքում բոլոր շփումների ժամանակ այդ թեման, այդ օրակարգը ես առաջադրել եմ: Դա նույն օրակարգն է, ինչը ձևավորվել է 2018 թվականի մայիսին: Ինչպես Ստեփանակերտում եմ հայտարարել` սա մեր կողմից ո´չ քմահաճույք է, ո´չ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ համենայնդեպս Հայաստանը այդ լսելու կարողությունն ունի և նույնն ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: «Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից կարծր,  մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքն ունենք մեր գործընկերներից, այլապես խոսակցությունը պարզապես տեղի չի ունենա»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ իր հայտարարությունների շարքը, որ արել է դեռևս մայիսից, երբ վարչապետի թեկնածու էր, մարտահրավեր չէ: «Սրանք երկխոսության հրավեր են, և այդ երկխոսությունը նոր չի սկսվել: Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդը չգիտեմ որտեղ կլինի: Մենք չենք պատկերացնում ռեժիմ, որտեղ կողմերից մեկը կասի` ես երկխոսությունից հրաժարվում եմ, դա տրամաբանական մոտեցում չի լինի: Բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի և երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ` կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց նա: